Կեղծ լուր. Փաշինյանի դստեր խաղալիքի հովանավորը ԼԳԲՏ համայնքն է

Վճիռ՝ կեղծ լուր

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր քվեարկության էր գնացել ընտանիքի անդամների հետ, որոնց թվում էր նաև նրա 6-ամյա դուստրը՝ Արփին։ Երեխայի ձեռքերում կար խաղալիք՝ ծիածանանման երանգներով։ Ֆեյսբուքյան օգտատեր Իրինա Դանիելյանը հրապարակել էր Փաշինյանի աղջկա լուսանկարն ու մեկնաբանել, որ ծիածանի գույներից պարզ է, որ այս խաղի հովանավորը ԼԳԲՏ համայնքն է։

Այս տեղեկությունը պարզագույն կեղծ լուր է։ Արփիի ձեռքում ընդամենը Pop it անտիսթրես խաղալիքներից է, որը վերջին շրջանում գերպոպուլյար է երեխաների շրջանում։

Իրինա Դանիելյանը, հրապարակելով լուսնկարը, գրել էր՝ «Սա ինչ է՞, ԼԳԲՏ համայնքին ուղղորդում, թե՞ ԵՄ֊ին բաց հաղորդագրություն»։

Իրնա Դանիելյանի գրառումը դավադրության տեսության շարքից է։ Մեկ ժամ է, ինչ լուսանկարը հրապարակվել է, բայց այն ունի 12 կիսում և շարունակվում է տարածվել, չնայած դրանցից որոշները հումորային բնույթ են կրում։

Ինչպես արդեն նշվեց՝ երեխայի ձեռքում Pop it անտիսթրես խաղալիքներից է՝ բաղկացած սիլիկոնե բջիջներից։ Այն ունի տարբեր գույներ և չունի որևէ կապ ԼԳԲՏ խորհրդանշանների հետ։ Դրա մասին նկարահանվում են գովազդներ, լայֆհաքեր, վլոգեր և այլն։

Տարատեսակ կեղծ մեխանիզմներով քաղաքական ուժերի նույնականացումը ԼԳԲՏ անձանց հետ, նորություն չէ հայկական մեդիադաշտում։ Վերջերս «Պատիվ ունեմ» դաշինքի համակիր Արթուր Թովմասյանը ևս նմանատիպ գրառում էր արել։ Ֆեյսբուքում նա գրել էր, թե երեխաների պաշտպանության օրը Հանրապետության հրապարակում կազմակերպված միջոցառման ժամանակ ԼԳԲՏ համայնքի դրոշն են ցուցադրել, ինչի միջոցով ՀՀ վարչապետը փորձում է այդ համայնքի սատարումը ստանալ՝ սպասվելիք արտահերթ ընտրություններում։

Media.am-ն ու factcheck.ge-ն անդրադարձել էին այս տեղեկատվությանը։ Մենք պարզել էինք, որ խոսքը ոչ թե ԼԳԲՏ դրոշի, այլ անիմացիայի ընթացքում ցուցադրված ծիածանի մասին էր։

---------------------------------------------------

Այս հոդվածը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ և հանդիսանում է Facebook- ի Փաստերի ստուգման ծրագրի մի մասը: Ելնելով վճռից` Facebook- ը կարող է տարբեր սահմանափակումներ կիրառել. ամբողջական տեղեկատվությանը ծանոթանալու համար այցելեք այստեղ: Ուղղելու կամ վճիռը բողոքարկելու մասին տեղեկատվությանը ծանոթացեք այստեղ: